Բոլոր նորությունները

ՀՀԼ-ի խաղացողները հանդիպեցին Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների հետ

2024-12-26 15:53
Երեկ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀԼ-ի (Հայաստանի Հոկեյի Լիգա) և Սանկտ Պետերբուրգի «Սև Արջեր» (Պոլիտեխնիկ) թիմի խաղացողներն այցելեցին Հայ-Ռուսական Համալսարան՝ հանդիպելու ուսանողներին:

Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին Հայաստանում հոկեյի զարգացման ճանապարհը, քննարկեցին ոլորտի ներկայիս իրավիճակն ու ապագա ծրագրերը:

Հայաստանի հոկեյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը կիսվեց 2025 թվականին Երևանում կայանալիք Հոկեյի Աշխարհի առաջնության իր ակնկալիքներով: Նա ընդգծեց, որ ՀՀԼ-ի գլխավոր նպատակներից մեկը միջազգային ասպարեզում Հայաստանի արժանի ներկայացուցչությունն ապահովելն է:

Ուսանողները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին՝ բարձրացնելով բազմաթիվ հարցեր՝ ինչու են հոկեյիստներն ընտրել հենց այս մարզաձևը, ինչպես են համատեղում մարզումները անձնական կյանքի հետ, ինչպես են հաղթահարում սթրեսը և վերականգնվում պարտություններից հետո:

Հանդիպման ավարտին ՀՀԼ-ի խորհրդի անդամ և ՀԱ «Փյունիկ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Նալբանդյանը «Փյունիկ» թիմի մարզաշապիկներ հանձնեց ՀՌՀ ռեկտորի խորհրդական՝ Ռիպսիմե Մարգարյանին և ուսանողական սպորտային դեպարտամենտի նախագահ Տաթևիկ Հայրապետյանին: