Վալենտին Կովալենկո․ «Շատ հեղինակավոր և պատվաբեր է Հայաստանի չեմպիոն դառնալը»
2024-12-05 17:11
«Փյունիքի» հարձակվողը ամփոփեց հաղթական փլեյ-օֆֆի արդյունքները և կիսվեց Հայաստանի հոկեյի լիգայի նոր մրցաշրջանից ունեցած ակնկալիքներով։
— Որո՞նք են երեք հիմնական պատճառները, որոնց շնորհիվ «Փյունիքը» դարձավ չեմպիոն։ — Առաջինը՝ մեր թիմային ոգին և միասնականությունը։ Ֆինալային շարքի առաջին իսկ խաղից մենք դուրս եկանք որպես մեկ բռունցք՝ պայքարելով միմյանց համար յուրաքանչյուր պահի։ Օգնում էինք ու պաշտպանում միմյանց, ինչի շնորհիվ էլ հասանք հաղթանակի։ Երկրորդը՝ յուրաքանչյուր խաղացողի անձնվիրությունը։ Շատ պայքարներ շահեցինք, շատ նետումներ կատարեցինք։ Ընդունեցինք հարվածները մեզ վրա և հաջողությամբ օգտագործեցինք մեր հնարավորությունները։ Եվ երրորդը, իհարկե, մեր երկրպագուներն են, որոնք մեզ առաջ էին տանում։ Նման աջակցությամբ ուղղակի իրավունք չունես պարտվելու։
— «Փյունիքն» արդեն երկրորդ մրցաշրջանում ունի երկրպագուների հզոր բանակ։ քո կարծիքով ինչո՞ւ են մարդիկ սիրում աջակցել թիմին ու հաճախել խաղերին։ — Իրոք, մեզ աջակցող մարդկանց թիվն օրեցօր աճում է։ Շատ հաճելի է խաղերի ընթացքում տեսնել ու լսել այդպիսի աջակցություն, ինչպիսին ունենք տրիբունաներում։ Կարծում եմ, մեր թիմը մարդկանց գրավում է առաջին հերթին հարձակողական խաղաոճով՝ բազմաթիվ հարվածներով դարպասին, ինչպես նաև այն զգացմունքներով, որ մենք ցուցադրում ենք սառույցի վրա։ Եվ, իհարկե, մեր յուրաքանչյուր խաղացողի անձնվիրությամբ։ Որովհետև անկախ նրանից՝ հաղթում ենք թե պարտվում, մենք միշտ պայքարում ենք մինչև վերջ։ Ինչպես ասել է Սերգեյ Նաիլևիչ Գիմաևը․ «Դիտողները կներեն ամեն ինչ, բայց անտարբերությունը՝ երբեք»։ Հենց այդ պատճառով էլ մեր երկրպագուներն այնքան սիրում են մեզ։
— Ի՞նչ է նշանակում չեմպիոնությունը քեզ համար։ — Չեմպիոնությունը ինձ բերել է շատ դրական էմոցիաներ, մեծ ուրախություն։ Շատ պատվաբեր ու հպարտալի է լինել Հայաստանի չեմպիոն, Գրիգոր Մկրտչյանի գավաթի տեր։ Դա այն է, ինչին ձգտում են բոլոր թիմերը, որոնք մասնակցում են մրցաշարին։ Եվ շատ լավ է, որ հենց «Փյունիքը» հասավ հաղթանակի։ Թիմը մեծ ճանապարհ է անցել չեմպիոնություն ձեռք բերելու համար և արժանացել է դրան։ Առավելապես հաճելի է գիտակցել, որ սա տեղի ունեցավ իմ թիմում գտնվելու առաջին տարում։
— Ի՞նչ ես կարծում, կհասնի՞ մրցակցությունը նոր մակարդակի ԱՀԼ-ում։ Կամ մենք երրորդ անգամ անընդմեջ կտեսնե՞նք «Փյունիք» — «Առյուծներ» զույգը եզրափակչում։ — Մրցակցությունը, անշուշտ, կբարձրանա։ Հաղթելու համար կլինի ավելի շատ պայքար, ավելի շատ դիտարժան հոկեյ։ Ընդամենը անցած մրցաշրջանի և փլեյ-օֆֆի արդյունքներով կարելի էր տեսնել, որ լիգայի խաղացողների միջին մակարդակը բարձրացել է։ Եվ կարծում եմ՝ այս միտումը կշարունակվի նաև հաջորդ մրցաշրջանում։ Նշանակում է, որ ես կպայքարեմ այնքան, որքան կարող եմ, որպեսզի «Փյունիքը» կրկին հայտնվի Գրիգոր Մկրտչյանի գավաթի եզրափակչում։