Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվեցին հարցեր, որոնք կապված են տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպման հետ: Առաջնությունը կանցկացվի Հայաստանում՝ ապրիլի 12-ից 20-ը: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 խաղ՝ Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականների մասնակցությամբ:
Նիստին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամներ, ներառյալ Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, հեռուստառադիոընկերության, սպորտային կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց մրցաշարի բարձր մակարդակով կազմակերպումը՝ հաշվի առնելով մեր երկրում խոշոր միջազգային մարզական միջոցառումների անցկացման հաջող փորձը:
Նախարարը նաև ուշադրություն հրավիրեց բոլոր աշխատանքների ժամանակին և պատշաճ կազմակերպման համար ուժերի համատեղման առաջնահերթության վրա:
Քննարկվեց նաև հեռարձակման հարցը. տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները կհեռարձակվեն «Fast Sport» հեռուստաալիքի եթերում, որը հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսի միջոցով:
Ընդգծվեցին անվտանգության պայմանների ապահովման, շտապ օգնության ծառայության աշխատանքի, առաջնության տոմսային քաղաքականության, քաղաքի տարբեր շրջաններում երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծման և այլ կարևոր հարցեր:
Քննարկվեց նաև Հայաստանի ազգային հոկեյի հավաքականի պատշաճ նախապատրաստման անհրաժեշտությունը՝ ուսումնամարզական հավաքների կազմակերպման միջոցով:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/26598